17 մարտի 2017 - 17:02 AMT
Արթուր Սարգսյանի մահվան փորձաքննությանը կներգրավվեն միջազգային փորձագետներ

«Հաց բերող»Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»:

Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հայտնում է Panorama.am-ը:

Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև՝ շտապօգնության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով:

Նախնական տվյալներով` Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել` 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Սարգսյանի կլինիկական մահը: