// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ալեքս տեքստիլը» բանակցում է Zara-ի և H&M-ի հետ

«Ալեքս տեքստիլը» բանակցում է Zara-ի և H&M-ի հետ

PanARMENIAN.Net - «Ալեքս տեքստիլ» ընկերությունը բանակցում է Zara-ի և H&M-ի հետ: Այս մասին տեղեկացվել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընկերություն այցի ժամանակ:

Հանրապետության նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին:

«Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:

«Մինչև այժմ կատարվել է մոտ 7 մլն եվրոյի ներդրում: Ծրագրում ենք նաև նման արտադրամասեր բացել մարզերում», - ասել է Մովսիսյանը:

Նա հավելել է. «Մեզ մոտ հիմա ներկա են Zara-ի և H&M-ի մատակարարները: Բանակցում ենք նրանց հետ գործակցության մասով», - մեջբերում է Aysor.am-ը:

Մովսիսյանը Zara-ի և H&M-ի հետ հնարավոր գործակցության մասով այլ մանրամասներ չի հայտնել:

2015-ից գործունեությունը սկսած` գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի:

Հանրապետության նախագահին ներկայացրել են, որ 2017-ին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է մոտ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով ևս մոտ 600 նոր աշխատատեղ:

 Ուշագրավ
ՀՀ գյուղատնտեսության նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել իրանական կողմին
Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի մոտ 40 մլն կՎտժ
ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5%-ով