Եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես ընդունի 106-րդ բանաձեւը, ապա դոմինոյի էֆեկտը երաշխավորված է12 հոկտեմբերի 2007 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը կդառնա կատալիզատոր ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ընդունման համար: Այդ բանաձեւից շատ բան է կախված: Շատ պետություններ եւ խորհրդարաններ բառացիորեն նայում էին ԱՄՆ-ին, եւ եթե Ներկայացուցիչների պալատը վերջնականապես ընդունի 106-րդ բանաձեւը, ապա դոմինոյի էֆեկտը երաշխավորված է: Մենք վկա կդառնանք, որ առաջիկա հինգ տարում տասնյակ պետություններ կհետեւեն ամերիկացիների օրինակին»,- հայտարարել է Երեւանում Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:Նրա խոսքերով, այդ պետությունների շարքում կարող են հայտնվել Հայաստանի անմիջական հարեւանները: «Այսօր շատ բան կախված է Թուրքիայի կոնկրետ քաղաքականությունից եւ գործողություններից: Խոսքը հետեւյալի մասին է. կկարողանա արդյոք Թուրքիան իր մեջ այնքան ուժ գտնել, որ փոխի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ այդպիսով հարթի շատ հարցեր, ինչը նշանակում է հրաժարվել պատմական անցյալի հերքման քաղաքականությունից, երբ Ցեղասպանության թեման ընհանրապես արգելված է»,- ասել է Դեմոյանը: Հայ պատմաբանը նշել է, որ առասպելները վերանում են, ինչը վտանգավոր է ցանկացած պետության համար: Թուրքիան, նրա կարծիքով, շատ անհրապույր իրավիճակում է, եւ եթե գոյություն ունեցող քաղաքականություն որեւէ փոփոխություն չապրի, ապա այն կարող է շատ շուտով հայտնվել քաղաքակրթային մեկուսացման մեջ: «Ամբողջ աշխարհը միաձայն պնդելու է, որ Թուրքիայում իրոք Ցեղասպանություն է եղել, ինչն արդեն անում են բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ, իսկ Թուրքիան միակողմանի ձեւով հերքելու է դա` իրեն անհասկանալի իրադրության մեջ դնելով»,- ընդգծել է պատմաբանը: Նա նաեւ նկատել է, որ այն գործընթացները, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում առաջիկա 10-15 տարիների ընթացքում, հղի են լուրջ հետեւանքներով: «Դա շատ վտանգավոր գործընթաց է Թուրքիայի համար. թուրքական խիստ ազգայնամոլության եւ փոխզիջման բացակայության պայմաններում հնարավոր է Աթաթուրքի ժառանգության եւ գաղափարախոսության վերանայում»,- ասել է Դեմոյանը: Միեւնույն ժամանակ, նա գտնում է, որ Թուրքիայի կողմից գրաված դիրքորոշումը նրան եւ թուրքական ժողովրդին տանում է փակուղի: «Թուրքերի հաջորդ սերունդը ինչ-որ չափով տուժելու է Ցեղասպանության հերքումից: Չէ որ Թուրքիայի սահմաններից դուրս խոսելու են իրագործված դասական Ցեղասպանության մասին` ուղղված մի ողջ ժողովրդի ոչնչացմանը, սակայն այդ երկրի ներսում իշխելու է նման քննարկումները վերացնելու պետական քաղաքականությունը: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, ապա կոնֆլիկտաբանության մեջ գոյություն ունի ռազմական կամ ռազմականացված գործողությունների միջազգայնորեն ընդունված սանդղակ, որի համաձայն, եթե մի պետությունը փակում է իր սահմանը կամ շրջափակում է մեկ այլ պետություն, դա հանդիսանում է պատերազմ հայտարարելու նախավերջին փուլ: Իսկ քսենոֆոբիայի այլ դրեւորումների մասին չեմ էլ խոսում: Միայն այն փաստը, որ թուրքական պետությունը Հայաստանի անկախության առաջին տարիներից այդ ուղին է ընտրել եւ հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը, խոսում է ագրեսիայի մաքսիմումի մասին, որին գրեթե կարելի է մի շարքում դնել պատերազմ հայտարարելու հետ»,- վստահ է Հայկ Դեմոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |