2 ապրիլի 2017 - 14:02 AMT
Արփինե Հովհաննիսյան. Բոլոր մեխանիզմները կան, որ ընտրակաշառքը չազդի

Ներդրված են բոլոր մեխանիզմները, որ ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում:

Նա հավելել է. «Այդ մասին փաստում եմ ոչ միայն ես, այլ նաև մեր ընդդիմադիր գործընկերները», հայտնում է Panorama.am-ը:

«Քվեարկել եմ հանուն Հայաստանի վաղվա օրվա: Կարծում եմ՝ բոլորս ենք այդպիսին պատկերացնում Հայաստանի վաղվա օրը՝ առաջընթաց ապրող, անվտանգ, ապահով Հայաստան»,- ասել է նախարարը:

Նա ընդհանուր առմամբ քարոզարշավը նորմալ է գնահատում. «Եղել են դրվագներ, որոնք ցանկալի էին, որ չլինեին: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ օրենքի շրջանակում է տեղի ունեցել քարոզարշավը: Ակնառու խնդիրներ, որոնք կարող էին ստվերել ընդհանուր ամբողջ գործընթացը, չեն եղել»:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին և այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ստացել է ընտրախախտումների մասին ահազանգեր՝ Հովհաննիսյանն ասել է, որ այս պահին տեղյակ չէ, թե շտաբում ինչպիսի տեղեկատվություն կա:

«Մամուլից ծանոթ եմ, որոշակի այլ կուսակցությունների կողմից բարձրաձայնումներ եղել են: Բայց դրանց վերաբերյալ արձագանքն ինչպիսին է, համապատասխանում են իրականությանը, թե ոչ, տեղեկատվություն չունեմ: Բայց մի բան ցանկալի է, հորդորում եմ մյուս քաղաքական ուժերին էլ, որպեսզի լայնամասշտաբ խախտումների պատրանք չստեղծեն անընդհատ-անընդհատ ասելով: Իրականում եթե կա որևէ խնդիր, դրան անպայման արձագանք լինելու է՝ հաշվի առնելով գրեթե բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, դիտորդների աննախադեպ բարձր թիվը, առհասարակ ամբողջ հսկողական մեխանիզմները, որոնք ներդրված են»,- ասել է արդարադատության նախարարը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը: