Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է

Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի վճռաբեկ դատարանը կասեցրել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման գործընթացը:

Եկեղեցին պետականացնելու որոշումը կայացվել էր 2016 մարտի 21-ին նախարարների խորհրդի կողմից: Բացի Սուրբ Կիրակոսից կառավարության որոշմամբ պետք է պետականացվեին նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սբ Աստվածածին եկեղեցին և բողոքական եկեղեցին:

ՍԲ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկել էր վճռաբեկ դատարանում:

Դատարանը գործի շրջանակում հարցում էր ուղարկել պետականացման որոշումն իրականացնող Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանը՝ պահանջելով պատասխանել եկեղեցու վիճակի, շահագործման տեսակի, մշակութային ժառանգություն լինել-չլինելու և պետականացման նպատակի մասին հարցերին:

Չնայած դատարանը նախարարությունից պատասխան չէր ստացել, ձեռնարկած ուսումնասիրությունների արդյունքում որոշել է կասեցնել պետականացման գործընթացը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ եկեղեցին հաշվառված է մշակութային անշարժ արժեքների ցանկում, և կառավարության որոշումը հակասում է մշակութային և բնական արժեքների պահպանության մասին օրենքին: Ըստ դատարանի՝ եկեղեցու պետականացման մասին որոշումը հակասում է նաև Լոզանի պայմանագրին, «Ակօս»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Լոզանի պայամանագրի համաձայն, Թուրքիայի փոքրամասնություններին (հայերը, հույները և հրեաները՝ խմբ.) տրվել են կրոնական ազատություններ, իսկ Թուրքիան պարտավորվել է պահպանել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---