19 ապրիլի 2017 - 18:05 AMT
Երևան - Թել Ավիվ - Երևան ուղիղ չվերթ կիրականացվի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «Արմենիա» ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով:

Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին, տեղեկացնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Նշվում է, որ դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:

«Արմենիա» ավիաընկերությունն ապրիլի 10-ին Երևան-Բեյրութ կանոնավոր ուղիղ չվերթ է գործարկել: Երևան-Բեյրութ առաջին չվերթի ուղևորները Լիբանանի մայրաքաղաք են մեկնել Boeing 737-500 օդանավով: ՀՀ և Լիբանանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմ չի գործում: