ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի և 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին և մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ու կարեկցանքը:
Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու և մեղավորներին պատժելու համար»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ցավակցական հեռագրում:
ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի դին հայտնաբերվել էր Գյումրիում գտնվող «Արգո» խանութի մոտ՝ ռազմաբազայից ոչ հեռու: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ. Ա-ն։
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որկասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։