24 ապրիլի 2017 - 11:36 AMT
Արցախում Ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ Ջահերով երթ է անցկացվել

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում ապրիլի 23-ին կայացել է ավանդական Ջահերով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող, հաղորդում է «Արցախպրեսը»:

Ճանապարհին երթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները, ինչպես նաև դատապարտող պաստառներ են պարզել՝ «Հայ զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը», «Թուրքը մարդասպան է, ազերին՝ ոճրագործ» վերտառությամբ, և վանկարկել են՝ «ճանաչում», «հատուցում»:

Զանգակատուն-հուշակոթողի մոտ երթի մասնակիցների համար ցուցադրվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող տեսանյութ, որից հետո ելույթով հանդես է եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Այսօր Սիդնեյում, Օտտավայում, Թեհրանում, Լոս-Անջելեսում և աշխարհի այլ քաղաքներում տեղի է ունենում ոգեկոչման արարողություն: Հայրենիքը կորցրածների սերունդներն այսօր պահանջատեր են: Ի տարբերություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների՝ մենք ապրում ենք մեր հայրենիքում և 1991-92 թվականներին մենք կերտել ենք մեր պետականությունը՝ ի դեմս Արցախի և Հայաստանի Հանրապետությունների: Արցախյան պահանջատիրությունը փրկեց արևելահայությանը նոր Ցեղասպանությունից և 2016 թվականին մեր պետականությունը պահպանողները նորից իրենց կամքի ուժով, հերոսությամբ, անձնազոհությամբ կանխեցին մի նոր Ցեղասպանություն և ցույց տվեցին աշխարհին, որ այլևս չեն կարող հենց այնպես բնաջնջել հային, քանի որ այսօր ունենք և՛ պետականություն, և՛ բանակ: Մենք պահանջում ենք ճանաչում, հատուցում, արդարություն և մեր Հայրենիքը»,- ասել է Հովհաննիսյանը:

Ջահերով երթին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ և Ստեփանակերտի բնակիչներ:

Կարդացեք նաև՝Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված Ջահերով երթ է կայացել

Ազատություն հրապարակում այրվել է Թուրքիայի դրոշն ու մեկնարկել Ջահերով երթը