Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել վեց մարմնամարզիկով և նվաճել է մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է.
«Մեդալ ունենք` արդեն բավարար է: Ավելի շատ օղակներից էի ակնկալում, բայց կարևորը` մեդալ նվաճեցինք: Ընդհանուր թիմի արդյունքները նորմալ եմ գնահատում: Որակավորման փուլը չորս մարզիկ հաղթահարեց, սա մեծ արդյունք է: Բացի այդ, Արթուր Դավթյանը եզրափակիչ դուրս եկավ նաև բազմամարտում: Այս անգամ ամենամեծ թվով մասնակիցներն ունեցանք Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում», մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Մարզիչը հավելել է. «Շատ գոհ եմ Հարություն Մերդինյանից: Դոհայում նա վնասվածքով էր ելույթ ունեցել, մի քանի անգամ ընկել էր: Սակայն այստեղ հավաքվեց, լավ կատարեց վարժությունը և բարձր գնահատական ստացավ: Արդյունքն ակնհայտ է:
Արթուր Թովմասյանը օղակներում որակավորման փուլն անցավ երկրորդ տեղով, շատ լավ կատարեց վարժությունը և պետք է մեդալ նվաճեր: Սակայն չհասկացանք` եզրափակչում ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ վերջում այդքան վատ ցատկեց: Դժգոհ եմ նրանից:
Արթուր Դավթյանն ամեն ինչ արեց լավագույն կերպով: Նոր կանոններով հենացատկերում նա բարդությամբ չէր կարող կատարել այն վարժությունը, որն արել էր նախորդ տարի: Նա փոքր ինչ հեշտ ցատկ կատարեց, զիջում էր մնացած մարմնամարզիկներին: Ճիշտ է, ցատկը թույլ էր, բայց լավ կատարումով նա անցավ եզրափակիչ և 5-րդ տեղը զբաղեցրեց: Արթուրն ավելին չէր կարող անել: Բազմամարտում մրցակցությունը շատ մեծ էր, այստեղ էլ նա 6-րդն էր:
Վահագն Դավթյանի առաջին ելույթը բարդ էր և որոշակի թերություններ կային: Եզրափակչում մենք մի փոքր թուլացրինք կատարումը, նա ավելի մաքուր արեց և բարձր գնահատական ստացավ: Մեդալների համար պայքարում Վահագնը բարդությամբ զիջեց: Հիմա պետք է մարզումների ընթացքում աշխատենք բարդ վարժության վրա և շտկենք սխալները:
Բազմամարտիկ Վիգեն Խաչատրյանից շատ դժգոհ եմ: Վրիպումները բավականին շատ էին: Անհասկանալի սխալներ էր անում: Առաջիկայում մի քանի մրցաշարեր բաց կթողնի, որ ավելի պատասխանատվությամբ մոտենա: Եթե նման սխալներով շարունակի` նա չի ընդգրկվի հավաքականի կազմում:
Իսկ Արմեն Պետրոսյանը հանդես եկավ իր ուժերի ներածին չափով»:
Սերոբյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսում են հանդես գալ նաեւ թիմային պայքարում.
«Բազմամարտիկներ չունենք: Այս առաջնությանը Խաչատրյանին և Պետրոսյանին փորձեցինք` հետագայում թիմով հանդես գալու համար: Սակայն բազմամարտից կաղում ենք: Մեր մյուս մարմնամարզիկը` Արթուր Ավետիսյանը, մակարդակով ավելի ցածր է»:
Մայիսի 17-ից Սանկտ Պետերբուրգում հավաքականը միջազգային մրցաշարի կմասնակցի: Այս անգամ փորձելու են երիտասարդներին` Արթուր Ավետիսյանին, Ժորա Սմբատյանին և Գագիկ Խաչիկյանին: Ակնկալում ենք, որ Սմբատյանն ու Խաչիկյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք կբերեն: Այդ պատճառով նրանց արդեն պատրաստում ենք:
Նախատեսվում էր Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օգոստոսի վերջին կմասնակցեն Ունիվերսիադային, որտեղ լուրջ պայքար կունենանք: Իսկ հետո աշխարհի առաջնությունն է:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրեց վեց մարմնամարզիկ` Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արմեն Պետրոսյանը և Վիգեն Խաչատրյանը:
Նրանցից միայն Մերդինյանին հաջողվեց կանգնել պատվո հարթակին` դառնալով բրոնզե մեդալակիր: Հենացատկեր վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը (14.583 միավոր):