ՍԱՊԾ-ն ադրբեջանական խնձորների անվտանգությունը չի երաշխավորում

ՍԱՊԾ-ն ադրբեջանական խնձորների անվտանգությունը չի երաշխավորում

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ)սպառողներին կոչ է անում չգնել ադրբեջանական խնձորները:

«Հաշվի առնելով, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել, և ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը՝ սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք ձեռքբերելուց և նման դեպքեր արձանագրելու դեպքում տեղեկացնել՝ զանգահարելով ՍԱՊԾ թեժ գծին 010 206040 հեռախոսահամարով»,- ասված է ՍԱՊԾ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սոցիալական ցանցում տեղ գտած՝ մայրաքաղաքի բակային խանութներից մեկում ադրբեջանական արտադրության խնձորի վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյոք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյոք միայն վաճառքի նշված կետում:

Շրջայցերը շարունակվել են ապրիլի 24-ին և 25-ին: Արդյունքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր:

ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:

ՍԱՊԾ-ն այս տեղեկատվությունը փոխանցել է նաև պատկան այլ մարմինների՝ ներկրողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում և՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան:

Ծառայության կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության արդյունքներով՝ ապրիլի 1-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից և Իտալիայից: Ադրբեջանական ծագման խնձոր նշված բեռներում չի եղել. բոլոր դեպքերում ապրանքն ուղեկցվել է համապատասխան փաստաթղթերով, ինչի հիման վրա էլ թույլատրվել է խմբաքանակների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---