13 նոյեմբերի 2007 - 17:09 AMT
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հանձնարարել է Վրաստանին բարելավել ազգային փոքրամասնությունների դրությունը
«Երկիր» միությունը մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցի քննարկմանը: 2007 թ. հոկտեմբերի 15-16-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 91-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցան Վրաստանի կողմից ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված լսումները:

Ի թիվս մարդու իրավունքների ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, քննարկվեց նաեւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը: Այդ քննարկումներին մասնակցեցին նաեւ Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության ներկայացուցիչները: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից «Երկիր» միությանը իրավունք տրվեց նստաշրջանի շրջանակներում իր անունից կազմակերպել առանձին քննարկում` նվիրված խնդրո առարկա հարցին` ազգային փոքրամասնությունների դրությունը Վրաստանում: Քննարկման ընթացքում «Երկիր» միության կողմից հրավիրված հայտնի փորձագետ Ֆերնան դը Վառենը ներկայացրեց Վրաստանում հայ փոքրամասնության ներկայիս վիճակին վերաբերող իրողությունները` այն է.

վրացերենի անայլնտրանքային օգտագործումը պարտադրող Վրաստանի օրենսդրական դաշտը,

լեզվական արգելքի հետեւանքով պետական ծառայության համակարգում հայերի ներկայացվածության հետզհետե նվազումը եւ հանրային կյանքին մասնակցության ոչ բավարար մակարդակը,

պետական ուսումնական հաստատություններում վրացերենով դասավանդման համակարգի հետեւողական ներդնումը,

լեզվական արգելքի հետեւանքով վրացական բուհեր հայ շրջանավարտների ճնշող մեծամասնության ընդունվելու անհնարինությունը,

Վրաստանում Հայկական համալսարանի ստեղծման անհրաժեշտությունը եւ այլ հարցեր:

«Երկիր» միության մասնաճյուղ` «Երկիր-Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչ` Լեւոն Իսախանյանը ի թիվս այլ հարցերի, մասնավորապես, ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի խնդիրները`

պետական գրանցում ստանալու համար իշխանությունների առաջացրած խոչընդոտները,

Խորհրդային Միության տարիներին Բռնագրավված եկեղեցական շինություններն ու գույքը հետ ստանալուն ուղղված ապարդյուն ջանքերը:

Վրաստանի կողմից ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հանձնաժողովը ընդունեց եզրափակիչ փաստաթուղթ, որտեղ Վրաստանի կառավարությանը տրվեցին մի շարք հանձնարարականներ երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի բարելավման ուղղությամբ: Փաստաթղթում հստակ անդրադարձ եղավ նաեւ Վրաստանի էթնիկական փոքրամասնությունների, եւ, հատկապես, հայ եւ ադրբեջանական համայնքներին հուզող խնդիրներին: Մասնավորապես, Կոմիտեն իր մտահոգությունն արտահայտեց այն փաստի կապակցությամբ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին երկրում գործող կրոնական միավորումներից միակն է, որն ունի Սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավիճակ` նշելով, որ դա կրոնական այլ միովորումների նկատմամբ խտրականության դրսեւորում է: Վրացական իշխանությունների վրա պարտավորություն դրվեց լուծում տալ խորհրդային իշխանության տարիներին կրոնական փոքրամասնություններից (Հայ Առաքելական Եկեղեցի եւ Կաթոլիկ եկեղեցի) բռնագրավված եկեղեցական շենքերի եւ ունեցվածքի հետ վերադաձնելու խնդիրներին: Կոմիտեն իր մտահոգությունը հայտնեց փոքրամասնությունների կողմից իրենց մշակութային իրավունքների իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտների կապակցությամբ` շեշտելով, հատկապես, փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության ցածր մակարդակը, PanARMENIAN.Net-ին հայտնել է «Երկիր» միության մամլո ծառայությունը: