// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կարայան. 2017-ին ՀՀ-ն 12 կետով կբարելավի վարկանիշը Doing Business-ում

Կարայան. 2017-ին ՀՀ-ն 12 կետով կբարելավի վարկանիշը Doing Business-ում

PanARMENIAN.Net - Մշակվել է Հայաստանի 2017 թվականի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը, և համալիր միջոցառումների իրականացման դեպքում ակնկալվում է, որ, այլ հավասար պայմաններում, ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում 38-րդից կբարձրանա 26-րդ` գրանցելով 12 կետով բարելավում: Այդ մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը ՀՀ նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախագահին արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։

Ըստ Սուրեն Կարայանի, նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանը դիրքավորել լավագույն 20 երկրների շարքում:

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում 2017-ի առաջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան պահպանելու և հետագա կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գերատեսչությունը նպատակադրվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՆԱ կառուցվածքում արտահանման կշիռը հասցնել 45%-ի։

Կարայանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ուսումնասիրվել են արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը և գործող ձեռնարկությունների զարգացման ծրագրերը։ Վերջիններիս ցուցաբերվում է անհրաժեշտ պետական աջակցություն՝ առկա ներուժը իրացնելու նպատակով։ Ձևավորվել է նաև ներմուծման փոխարինման համար նպատակահարմար ապրանքների ցանկ, որոնք համապատասխան օժանդակության պարագայում մրցունակ կլինեն ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Նախարարի պաշտոնակատար նախագահին զեկուցել է արտահանման նոր շուկաներ ներթափանցման և առկա շուկաներում դիրքերի ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա, մասնավորապես, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շուկայում հայկական ապրանքների առաջմղման, խոշոր առևտրային ցանցերում դրանց ներգրավման, ԵՏՄ միասնական շուկաների և համատեղ արտադրության շղթաների ձևավորման ուղղությամբ քայլերին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Եվրամիությունում գործող GSP+ առևտրի արտոնյալ համակարգի շրջանակներում ՀՀ արտահանման ներուժի իրացմանն ուղղված միջոցառումներին և հեռանկարներին։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, աշխատանքներ են իրականացվում արտահանման աջակցության գործիքակազմի առավել լայն կիրառման և անհրաժեշտության պարագայում՝ դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Կարայանը զեկուցել է նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որով նախատեսվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ներդրումային գրավչության և պոտենցիալ ներդրումային ծրագրերի ներկայացմանը և մասնավորապես, ներդրումային ծրագրերի հարթակին, որտեղ այժմ ներկայացված է 55 ներդրումային ծրագիր։ Նախարարի պաշտոնակատարը Նախագահին ներկայացրել է ներդրումային հիմնադրամների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նրա խոսքով՝ ներդրումների խթանման նպատակով ստեղծվող «Սյունիք» ազատ տնտեսական գոտին կմեկնարկի 2017թ․ աշնանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը

Նախարարի պաշտոնակատարի զեկույցը ներառել է նաև զբոսաշրջության ոլորտում գերատեսչության իրականացրած աշխատանքները։ Ըստ զեկույցի, մինչև 2020-ը կանխատեսվում է ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկել:

Հանրապետության նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 Ուշագրավ
Նախատեսված է ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի առաջին հինգ ամսում աճել է 14.4%-ով
ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստի ընթացքում պատրաստվում է ընդունել «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը» սահմանելու մասին որոշումը:
Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ