26 նոյեմբերի 2007 - 15:58 AMT
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կկայանան 2008 թվականի մարտի 2-ին
Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2008 թվականի մարտի 2-ին: Նման որոշում է միաձայն կայացվել ՌԴ Դաշնությունների Խորհրդի նոյեմբերի 26-ի արտահերթ նիստում: Որոշումն ուժի մեջ կմտնի «Ռոսիյսկայա գազետա»-ում պաշտոնապես հրապարակման պահից, ինչը նախատեսված է նոյեմբերի 28-ին: Նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումը կարող է սկսվել Դաշնության Խորհրդի որոշումից մոտավորապես հինգ օր անց: Այդպիսով, նախագահական մրցարշավը Ռուսաստանում կմեկնարկի Պետդումայի ընտրությունների հետ միաժամանակ:
Նախագահության թեկնածուների առաջադրումը կավարտվի 2008 թվականի հունվարի 16-ին, ընտրարշավի մասնակիցների քարոզարշավը կսկսվի փետրվարի 2-ին եւ կտեւի 27 օր:
Իրենց թեկնածություններն առաջադրելու մասին արդեն հայտարարել են Գարրի Կասպարովը, Գրիգորի Յավլինսկին, Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Նիկոլայ Կուրյանովիչը, Վլադիմիր Բուկովսկին, Միխաիլ Կասյանովը եւ Բորիս Նեմցովը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշատակել է հինգ «արժանի» թեկնածուների մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: