Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն այն մասին, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
«Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում», - ասված է հայտարարության մեջ:
Հունիսի սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: