12 հունիսի 2017 - 15:49 AMT
Պոպով. ՄԽ հայտարարությունների նպատակը սահմանին լարվածությունը կանխելն է

Համանախագահների հայտարարություններն ուղղված են սահմանին լարվածությունը կանխելուն: Այդ մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է Արցախպրեսը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

«Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է Պոպովը:

Արցախի Հանրապետության նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Արցախ մեկնելուց առաջ համանախագահները եղել են Երևանում, հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: