Երեւանի ավագանու արտահերթ նիստն անցել է բավականին լարված մթնոլորտում։ Նիստին մասնակցում էր նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստի ժամանակ երկու անգամ պահանջել է անջատել «Երկիր ծիրանի»-ի ավագանու անդամներից մեկի բարձրախոսը:
Նիստի ժամանակ, երբ քննարկվում էր փոխքաղաքապետի պաշտոնում Արամ Սուքիասյանի թեկնածության հարցը, որը նաեւ պատասխանատվություն է կրում նախակրթական հաստատությունների վերաբերյալ, «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն արձագանքել է, որ մանկապարտեզների հետ կապված ամեն ինչ հրաշալի է ներկայացվում, այնինչ իրականությունը այլ է, գրում է Armtimes.com-ը:
Նա մանկապարտեզներում տիրող իրավիճակը համեմատել է14-րդ դարին հատուկ իրավիճակի հետ, ապա դիմելով Տարոն Մարգարյանին, ասել է, որ լուրեր են պտտվում, թե մանկապարտեզ ընդունելու համար նա յուրաքանչյուր երեխայի համար ստանում է 200 դոլար կաշառք:
«Խնդրում եմ իրականությանը մոտենալ: 14-րդ դարից գալ 21-րդ դար: Այնպիսի տպավորություն է, որ այնտեղից եք գործուղվել այստեղ»,- պատասխանել է Մարգարյանը, ապա հավելել. «Եթե պատերի կուլիսներում լսում եք խոսակցություններ, դրանք ավագանու նիստեր մի բերեք»:
ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ոստիկանությանն առաջարկել է կաշառքով մանկապարտեզ ընդունելու մասին Աղեկյանի հայտարարությունն ընդունել որպես հաղորդում: Չբացառելով քննության որեւէ ելք` նա ընդգծեց, որ հայտարարություններ հնչեցնելիս պետք է իմանանք, որ դրանց համար կրում ենք պատասխանատվություն:
Երևանի ավագանու արտահերթ նիստում Կամո Արեյանը քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել ձայների 45 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Կարդացեք նաև՝«Երկիր ծիրանին» պատրաստվում է դատի տալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին