Վաշինգտոնում անցել է «106-րդ բանաձեւի պաշտպանության շաբաթ»

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան բաժանմունքի (ANC-WR) նախաձեռնությամբ, դեկտեմբերի 3-7-ը Վաշինգտոնում անցել է «106-րդ բանաձեւի պաշտպանության շաբաթ»: «Շատերն են ափսոսանք հայտնում մամուլում 106-րդ բանաձեւի ոչ ճշգրիտ եւ խեղաթյուրված լուսաբանման առիթով: Մարդու իրավունքների պաշտպանները մեկնել են Վաշինգտոն, հիշեցնելու համար կոնգրեսականներին, որ բանաձեւն իրականում ցեղասպանությունների շրջանի ավարտն է ազդարարում, այլ ոչ թե զիջում է թուրքական կառավարության ժխտման քաղաքականությանը»,-ասել է ANC-WR գործադիր տնօրեն Էնդրյու Կզիրյանը: Նա նշել է, որ Այդահոյի, Արիզոնայի, Տեխասի եւ Կալիֆորնիայի ակտիվիստներն ավելի քան 150 հանդիպում են անցկացրել Կապիտոլիումի բարձունքում սենատորների եւ կոնգրեսականների հետ:



Սովորաբար տարվա այս շրջանում նստաշրջան չի լինում, սակայն Կոնգրեսը, հավանաբար, կհավաքվի դեկտեմբերին, անդրադառնալու համար հատկացումների մասին օրինագծի տարբեր հոդվածներին: Մարդու իրավունքի պաշտպանները գտնում են, որ կարելի է օգտագործել Կոնգրեսի լրացուցիչ նստաշրջանը ինչպես 106-րդ բանաձեւին, այնպես էլ նրա ընդունման դեմ ուղղված թուրքական կառավարության քաղաքականությանը ուշադրությունը սեւեռելու համար:



ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 106-րդ բանաձեւը հոկտեմբերի 10-ին ստացել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի հավանությունը 27 «կողմ», եւ 21` «դեմ» ձայների հարաբերակցությամբ, չնայած Սպիտակ տան, ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ պաշտպանության նախարարության աննախադեպ ճնշմանը:



Բանաձեւը Պալատ էր ներկայացվել 2007 թվականի հունվարի 30-ին Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---