Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:
Պաշտպանի աշխատակազմը նշում է, որ այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք:
Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանում՝ նկուղային հարկում, ծեծի է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը. աչքերի տակ սևացած է, կան նաև այլ կապտուկներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ պաշտպան Արա Ղարագյոզյանը ավելի ուշ տեսակցել է Արայիկ Խանդոյանին:
«Արայիկ Խանդոյանին հասցված վնասվածքները՝ վնասել են աջ աչքի շրջակայկքը, հարվածներ են հասցրել գլխին, հարվածներ են հասցրել երիկամներին;երկու ոտքերի վրա առկա են արյունազեղման հետքեր և կապտուկներ»,- գրել է Պապիկյանը: