30 հունիսի 2017 - 16:24 AMT
ՄԻՊ. Դատարանում Սեֆիլյանի ու Սաֆարյանի հանդեպ բռնության մասին տեղեկությունը չի հաստատվել

Թեժ գծին ստացած ահազանգի հիման նրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան:

Այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել, հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը:

Հունիսի 30-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակԺիրայր Սեֆլյանի, Գևորգ Սաֆարյանի ու Ներսես Պողոսյանի նկատմամբ դատարանի դահլիճից հեռացվելու սանկցիա էր կիրառվել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար. նրանք դատավորի՝ դահլիճ մուտք գործելիս ոտքի չէին կանգնել:

Այնուհետև փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց դատարանին, որ«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ Շենգավիթի դատարանի շենքի խցերից մեկում բռնի ուժ և հայհոյանքներ են տեղում», մեջբերում է Ա1+-ը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 27-ին մեկնարկել էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի հանդեպ սանկցիա է կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից, քանի որ իր գալուն պես նրանք ոտքի չէին կանգնել:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը ճաղերի հետևում է հայտնվել 2016-ի հունիսի 20-ին` զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեղադրանքով: 2017-ի մարտին քննչական մարմինը Սեֆիլյանի այս գործը միավորել է Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, ինչպես նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական գործի հետ, որի շրջանակում Ժիրայր Սեֆիլյանը «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների հետ մի քանի ամսով կալանավորվել էր, ապա՝ ստորագրությամբ ազատ արձակվել։

Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրության մեջ, որի ընթացքում վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելն ու տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: