Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ներկայացրել է ՀՀ տեսակետը Սիրիայում զարգացումների վերաբերյալ:
Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է նաև Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաև Սիրիայի ժողովրդին հայկական հումանիտար օգնության տրամադրման մանրամասները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ հայաստանյան օգնությունը Սիրիա առաքելու հարցում օժանդակություն ցուցաբերելու համար:
Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին և դրանց ձախողման նպատակով Բաքվի գործողություններին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելուն, ռազմական սադրանքներին, դրանց հետևանքով իրավիճակի սրմանը։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ է արվեց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։
Նիստին մտքեր են փոխանակվեցին ՀԱՊԿ-ի ու միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։
Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր են փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձել Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։
Նախարարները համատեղ հայտարարություններ են ընդունել՝ Տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով համատեղ միջոցառումների վերաբերյալ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ազատամարտիկների հիշատակի պղծման անթույլատրելիության մասին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Սիրիայի խաղաղված տարածքներ երկիրների զինվորական ստորաբաժանումներ ուղարկելու հարցով: Այս մասին է հայտարարել Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը: Նա նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա, ու միաժամանակ ընթանում են քննարկումներ Թուրքիայի հետ:
Ղազախստանն ու Ղրղզստանը ՌԴ, ՀՀ, Տաջիկստանի ու Բելառուսի հետ մեկտեղ ՀԱՊԿ անդամներ են: Դաշինքի այլ անդամների, այդ թվում` ՀՀ հետ Սիրիա զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ բանակցությունների մասին չի հայտարարվել:
Ընթերցեք նաև.ՌԴ-ն ուզում է Սիրիա ղրղզ ու ղազախ զինվորներ ուղարկել