Քանդակագործ Օհանջանյանը ՀՀ-ում առաջին տրիենալեի մասին. Ավանդույթները միայն խաչքարերն ու եկեղեցիները չեն![]() 19 հուլիսի 2017 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի տրիենալե, որի մանրամասները PanARMENIAN.Net ին է ներկայացրել քանդակագործ Միքայել Օհանջանյանը: Միքայել Օհանջանյանը Վենետիկի 56-րդ բիենալեի հայկական տաղավարի 18 մասնակիցներից մեկն է, որտեղ հայկական տաղավարն արժանացավ բիենալեի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին»: «Չկա ժամանակակից արվեստ հասկացություն, կա ուղղակի արվեստ: Գլխավոր նպատակը մարդկանց մի կայծ տալն է, բայց ինչ կտա այդ կայծը, ինչ մտքեր կծնի նրանց մոտ, արդեն յուրաքանչյուրն իր մեջ պետք է պատասխանը գտնի»,-ասել է Օհանջանյանը: Առաջին հայկական տրիենալեն կոչվում է «Ստանդարտ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու ճարտարապետներ Կարո Հալաբյանը և Միքայել Մազմանյանը: «Ստանդարտ 2017»-ը կրում է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող ու պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից: Տրիենալեն անցնելու է 2017 թվականի հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը, Երևանում և երկրի տարբեր համայնքներում՝ Բյուրականում, Գյումրիում, Սևանում ու Ղափանում: Նախագծերը կներկայացվեն պատմական վայրերում, թանգարաններում, բաց երկնքի տակ, քաղաքային միջավայրում: Նախագծի գործընկերներն են Արվեստի հայկական խորհուրդը, Armenia Art Foundation-ը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությունը: Հայկական տրիենալեի համադրողն ու գաղափարի հեղինակը Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգն է, որը 2015-ի Վենետիկի բիենալեում լավագույնը ճանաչված Սբ Ղաղար կղզում տեղադրված հայկական տաղավարի նախագծի հեղինակն է: ՀՀ-ն ներկայացված էր «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրությամբ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ադելինան կարող է աշխատել ում հետ ցանկանա, աշխարհի ամենաանվանի քանդակագործների հետ, բայց նա սիրում է տաղանդներ բացահայտել: Նա արվեստով է զբաղվում»,-ասել է Օհանջանյանը: «Վստահ եմ, որ ցանկացած միջոցառում արդյունք տալիս է և տրիենալեն ևս իր արդյունքը կտա: Հնարավոր է՝ ցուցադրությունների այցելուները իրենք էլ ոգեշնչվեն և ցանկանան ստեղծագործել», -ասել է քանդակագործը: Նա նշել է, որ հայ հանրությունը սկսել է ավելի լավ ընկալել ժամանակակից արվեստը, սակայն կրթվելու կարիք ունի: «Չգիտես ինչու ավանդույթներից խոսելիս, մեզանում միայն եկեղեցիներն ու խաչքարերն են հիշում, անտեսելով մնացայլը, ինչ եղել է հազարամյակների մեր պատմության մեջ: Մինչդեռ ավանդույթը դա կոնցեպտ է», -ասել է Օհանջանյանը: Օհանջանյանի գործը ևս ցուցադրվելու է՝ Գյումրիում, մյուս քանդակագործների աշխատանքների հետ: Տրիենալեն կմեկնարկի հուլիսի 20-ին Երևանում Իլյա և էմիլիա Կաբակովների ցուցադրությամբ, որը ներառում է «Մոցարտ լսելիս խնձոր ստանալու 20 եղանակ» ինստալյացիան և «Համերգ ճանճի համար» աուդիոինստալյացիան: Միաժամանակ Երևանում կբացվի նաև բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը: Հուլիսի 22-ին Գյումրիում 2 խմբակային նախագիծ կներկայացվի տեղի թանգարաններում՝ Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, ինչպես նաև Ազգային ճարտարապետության թանգարանում: Օհանջանյանը հավելել է, որ տրիենալեի երկրորդ փուլը կմեկնարկի 2017-ի սեպտեմբերին: Բոլոր ցուցահանդեսները բաց կլինեն այցելուների համար մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |