Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են. Գուգուշը համերգ կտա Երևանում

Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են. Գուգուշը համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Հայտնի իրանցի երգչուհի Գուգուշը, որն ադրբեջանական ծագում ունի, մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ մասին երգչուհին գրել է Instagram-ում:

Երևանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 31-ին: Լուսանկարն առաջիկա համերգի ամսաթվով երգչուհին զուգորդել է «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով: Համերգը կանցնի երգչուհու շրջագայության շրջանակում:

Գուգուշի Երևանում կայանալիք համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում, ադրբեջանցիներն իրենց դժգոհությունն են արտահայտում երգչուհու գրառման տակի մեկնաբանություններում, ցասումնալից գրառումներ են անում սոցցանցերում, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում ադրբեջանցի «աստղերն են մտորում» այդ հարցի շուրջ:

Դա Գուգուշի առաջին համերգը կլինի ԽՍՀՄ նախկին տարածքում 2000-ին ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Հայաստանից հետո երգչուհին ելույթ կունենա նաև Վրաստանում: Թբիլիսյան համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:

XX դարի 70-ականներին Գուգուշը (իսկական անունը՝ Ֆաիեգ Աթեշին) Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկն էր, նա լավ է հայտնի նաև Թուրքիայում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում, Անդրկովկասում: ԽՍՀՄ-ում նա հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո: 2000-ին երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ և բնակվում է: 2011-ին, երբ Բաքվում փորձեցին կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվեց Ադրբեջան մեկնել իր հայ ընկերոջ հետ համերաշխություն հայտնելով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---