// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սարգսյան. Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը ՀՀ առաջնահերթություններից է

Սարգսյան. Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը ՀՀ առաջնահերթություններից է

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը ՀՀ առաջնահերթություններից է: Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը աշխատանքային այցով մեկնելու է Թեհրան՝ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդման արարողությանը: Հայաստանի նախագահի այցին ընդառաջ իրանական առաջատար «Շարղ» օրաթերթը նախօրեին ծավալուն հարցազրույց է հրապարակել Սերժ Սարգսյանի հետ:

«Հայ-իրանական տնտեսական գործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն է ուղղված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր գործունեությունը: Նպաստավոր կարող է լինել Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, որը գտնվելով երկու երկրների սահմանի վրա՝ լավագույնս կծառայի հայ և իրանցի գործարարներին և միջպետական համագործակցության ամրապնդման կարևոր բաղադրիչ կդառնա: Հայաստանը պատրաստակամ է իր ունեցած հնարավորություններով համակողմանիորեն օժանդակելու իրանցի գործարարներին մեր երկրում գործունեություն ծավալելու համար, և ինչպես արդեն նշեցի, հարթակ տրամադրելու Հայաստանի միջոցով այլ տնտեսական շուկաներ դուրս գալու առումով: Անհերքելի ճշմարտություն է, որ շատ դեպքերում հայ-իրանական համատեղ տնտեսական ձեռնարկները շատ ավելի մրցունակ կարող են լինել, քան դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած»:

Անդրադառնալով Իրան-Հայաստան էներգետիկ գործակցությանը, Սարգսյանը նշել է.

«Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար», մեջբերում է Panorama.am-ը:

Նածագահը նաև շեշտել է, որ ՀՀ-ն պատրաստակամ է ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ գործակցության զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում»:

Նախագահը նշել է, որ ՀՀ-ն օտարերկրյա ներդրումների նկատմամբ բաց դռների քաղաքականություն է իրականացնում:

«Մեր երկիրն Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է, ինչը ենթադրում է, որ մենք գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից տարբերություն չենք դնում օտարերկրյա ընկերությունների և տեղական ընկերությունների միջև: Հայաստանն իրականացնում է արդյունաբերական զարգացման քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսում ենք ընդլայնել համագործակցությունը մեր հարևան երկրների, հատկապես Իրանի գործարարների հետ: Ինչպես նշեցի, մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստան-Իրան սահմանի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակներում հայ-իրանական տնտեսական փոխգործակցության զարգացման հետ:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման արդյունքում դրական տեղաշարժ կա նաև բանկային համագործակցության ոլորտում, ինչը դրական ազդեցություն կունենա նաև բանկային ոլորտում մեր փոխգործակցության վրա։ Կարծում եմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ ևս ականատես կլինենք համագործակցության աճին»:

 Ուշագրավ
Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց
Գալուստ Սահակյանը նշել է, որ թեև ներքին քննարկումներ չեն եղել, բայց իր կարծիքով ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը
Ըստ նրա, ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները
Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների, դեմ՝ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները