ՀՀ կառավարությունն օգոստոսի 24-ի նիստում հավանություն է տվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100% պետական բաժնեմասով հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նախագծին:
Ըստ նախագծի՝ որոշման նպատակն է բարձրացնել ԲԷՑ ընկերության գործունեության արդյունավետությունը:
Նիստում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն ասել է, որ ԲԷՑ-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալին» մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից:
Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ ԲԷՑ-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով:
Փոխառու միջոցներ կներգրավվեն նաև բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման, անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրությունների կազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցման համար, գրում է Panorama.am-ը:
Նիստում նշվել է նաև, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում «Տաշիր Կապիտալը» պետք է կառավարությանը ներկայացնի «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» կառավարման ծրագիրը, որի հաստատումից հետո կկնքվի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը:
Ըստ փոխնախարարի՝ պետությունը յուրաքանչյուր պահի կկարողանա չեղյալ համարել պայմանագիրը և «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» կառավարումը վերցնել իր ենթակայության:
Հավատարմագրային կառավարման պայմաններում կստեղծվեն սպասարկման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև ներդրումների և տեխնիկական քաղաքականության իրականացման միասնական կառավարման հայեցակարգեր և կանոններ: «Տաշիր Կապիտալի» կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա ԲԷՑ ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի:
Էլեկտրաուժային սարքավորումների և փոխանցող հարմարանքների տեղական արտադրությունը նախատեսվում է կազմակերպել բարձր համբավ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ սկզբնական փուլում հավաքակցման, այնուհետև՝ ամբողջական արտադրության կազմակերպման եղանակով: Արտադրանքի իրացման շուկաները կլինեն նաև ԵԱՏՄ երկրները, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, ներառյալ բարձր որակավորման և բարձր վարձատրվող շուրջ 1200 աշխատատեղ: