Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը Հայաստանը ներկայացնում է մոսկովյան MosShoes-2017 միջազգային ցուցահանդեսին: Մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։
«MosShoes»-ը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, անցկացվում է տարեկան չորս անգամ, ունենում է մոտ 10-12 հազար այցելու՝ հիմնականում մեծածախ գնորդներ, մասնագետներ և դիստրիբյուտորներ։ Էքսպոյի ընթացքում հիմնադրամի մասնագետները հայկական արտադրողներին օգնում են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների ու պատվիրատուների հետ։
«Հիմնադրամը լավագույնս է ներկայացնում Հայաստանը և երկրի մրցունակ արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում։ Նաև ստեղծում է պայմաններ, որպեսզի էքսպոյի մասնակից բոլոր ընկերությունները հանդիպումներ ունենան միջագային գնորդների ու մատակարարների հետ։ Հուսով եմ, հայկական արտադրողները հնարավորությունն առավելագույնս կօգտագործեն և արտահանման նոր պայմանագրեր կկնքեն»,- նշել է ՀԶՀ Մարքեթինգի խմբի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։
Հայկական «Զեննի», «Բաբիննի», «Քեյ ընդ քեյ Շուզ», «Սիմար», «Արմա Լեդեր» ընկերություններին և Արսեն Բադիկյան, Կարեն Թարվերդյան, Տիգրան Սիմոնյան անհատ ձեռներեցներին 73-րդ MosShoes-ին մասնակցության աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կառավարության՝ արտահանման խթանման քաղաքականության շրջանակում, հայկական արտադրանքի ճանաչելիության խթանման նպատակով, ասվում է Հայաստանի զարգացման հիմնադրամի հաղորդագրության մեջ։
MosShoes-2017-ին մասնակցում է ավելի քան 500 առաջատար կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող կազմակերպություն մոտ 30 երկրից, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր ներկայացնող: