ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը:
«Մենք չենք ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը: Փհենյանի հրթիռային միջուկային ծրագիրը կոպտորեն խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, խարխլում է միջուկային զենքի չտարածման ռեժիմը, անվտանգության սպառնալիք է ստեղծում հյուսիս-արևելյան Ասիայում »,-ասել է Պուտինը Վլադիվոստոկում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեն Ինի հետ բանակցություններից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը կրկին վստահություն է հայտնել, որ ՀԿԺՀ շուրջ առաջացած ճգնաժամն անհնար է հաղթահարել առանց քաղաքական և դիվանագիտական գործիքների: «Հասկանալի է, որ Կորեական թերակղզու խնդիրները հնարավոր չէ լուծել միայն պատժամիջոցների և ճնշման միջոցով: Պետք չէ տուրք տալ զգացմունքներին և փակուղի մտցնել Հյուսիսային Կորեան: Այժմ, ինչպես երբեք, բոլորի համար կարևոր է սառնասիրտ լինել ու խուսափել քայլերից, որոնք տանում են իրավիճակի սրացման»,-ասել է ՌԴ նախագահը:
Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ի առավոտյան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: ՀԿԺՀ-ում հայտարարել են, որ խոսքը մարտագլխիկի մասին է, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հագեցման համար: Հարավկորեացի զինվորականները պայթյունի հզորությունը գնահատել են 100 կիլոտոննա: