15 սեպտեմբերի 2017 - 14:07 AMT
Քննչական կոմիտեն՝ Վերնիսաժի մոտ սպանությանն առնչվող նախապատմության մասին

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկատվություն է տարածել լրատվամիջոցներում շրջանառվող Լոռու մարզում 3 ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող գործերի մասին, որոնք առնչվում են սեպտեմբերի 14-ին Երևանում, Վերնիսաժի մոտ, Լոռու մարզի երկու բնակչի նկատմամբ կատարված զինված հարձակմանը:

Նշելով, որ տարբեր լրատվամիջոցներ շրջանառում են 2015-201-ի Լոռու մարզում տեղի ունեցած զինված հարձակման 3 դեպք, ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ լրատվամիջոցներում շրջանառվող դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել են դրանք՝ պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, քրեական գործերով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Այսպես՝ 1.2015-ի հոկտեմբերի 11-ին ին ահազանգ է ստացվել, որ Ախթալայի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել ընթացքի մեջ գտնվող «Համեր» և «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, և ձեռնարկված անհետաձգելի քննչականգործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է։

Պարզվել է, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 20։30-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Վ.Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» ավտոմեքենաները։ Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածին՝ Ախթալա քաղաքի կամրջի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, Վ.Աբգարյանին սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. կրակոցները դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին։

Պարզվել է նաև, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենայում դեպքի պահին իրականում գտնվել է ոչ թե սեփականատերը, այլ՝ վերջինիս ընկերը՝ Էդուարդ Պողոսյանը, սակայն ուշ ժամ լինելու և ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով Անտոնյանը չէր նկատել, որ Վ.Աբգարյանը ավտոմեքենայի մեջ չէ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2016-ին ուղարկվել է դատարան:

2. 2016-ի մայիսի 19-ին՝ ժամը 4:30-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով մի երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի մայիսի լույս 19-ի գիշերը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22-րդ շենքի բակում կրակոցներ են արձակվել Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքներից Վարդան Ավագյանը տեղում մահացել է, իսկ ԷդուարդՊողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով, տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։ Ապա վերջինս տեղափոխվել է «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ էլ նույն թվականի մայիսի 21–ին՝ ժամը 2:30-ին, ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, նախաքննության տվյալներով, դեպքի վայրից փախուստի է դիմել իր վարած DAEWOO մակնիշի ավտոմեքենայով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել Վ. Փիրուզյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։

2016-ի մայիսի 23-ից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու ևվարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

3. 2017-ի հունիսի 13-ին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ մահացել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի ուղղությամբ՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի կողմից։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ.Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբերմասերին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև.Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

3 տարի ու 4 սպանված Ինչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև