ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ

ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:

ԼՂ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում:

ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում և Հայաստանում մշտապես զգում են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի աջակցությունը համահայկական նշանակության հարցերում: Խոսելով անցած տարիների համագործակցության մասին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է 2006թ-ից ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառումների կազմակերպումը և Արցախի միջազգային ճանաչման հարցում կոնգրեսականների հետևողական ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆրենկ Փալոունը անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:

Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:

Եզրափակելով հանդիպումը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ամերիկացի գործընկերների այցը միասնական նպատակին՝ Արցախի միջազգային ներգրավվածությանն ու ճանաչմանն ընդառաջ մի քայլ է, որն արժանի է գոհունակության և բարձր գնահատանքի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---