21 սեպտեմբերի 2017 - 17:45 AMT
Մարինա Գևորգյանը՝ «Սնոբ» ամսագրի նոր սեփականատեր

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Մարինա Գևորգյանը դարձել է «Սնոբ մեդիա»-ի սեփականատերն ու գլխավոր տնօրենը: Նա գնել է «Սնոբ մեդիա»-ի ակտիվների 100 տոկոսը անձնական միջոցներով Միխայիլ Պրոխորովի «Օնէքսիմ գրուպ»-ից:

«Օնէքսիմի» հայտարարության մեջ ասվում է, որ խումբը որոշել է ձերբազատվել բոլոր մեդիաակտիվներից իր նոր ներդրումային ռազմավարության շրջանակում:

«Իմ պրոֆեսիոնալ գործունեությունը 9 տարի կապված է եղել «Սնոբի» հետո, որը դարձել է իմ անձնական և պրոֆեսիոնալ կյանքի նշանակալի մասը: Վստահ եմ, որ անկախ մեդիաակտիվի կարգավիճակում «Սնոբը» կամրապնդի առաջատարի դիրքերը, ինչը թույլ կտա զարգացնել հարաբերությունները վաղեմի կոմերցիոն գործընկերների հետ և կգրավի նորերին»,-ասել է Գևորգյանը:

Մարինա Գևորգյանն աշխատում է «Սնոբում» 2009-ից, սկզբից որպես մարքեթինգային, ապա՝ կոմերցիոն տնօրեն: 2012-ից զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը:

«Սնոբը» ռուսական լրատվական գործակալություն է, որը ներառում է ամսագրի էլեկտրոնային և տպագիր տարբերակները, ինչպես նաև iPad-ի համար նախատեսվածը: Ներկայանում է որպես «նախագիծ հաջողակ պրոֆեսիոնալների միջազգային հանրության համար»: