«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հավանության է արժանացել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է՝ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում, հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը:
Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը` այն մոտարկելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին:
Եվ այսպես, հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը նախատեսվում է կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:
Եթե Պետական եկամուտների կոմիտեն խախտի այս ժամկետը, բիզնեսին տուգանքներ կվճարեն՝ որպես ուշացման փոխհատուցում: