// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Մասոնները, միասեռականները, տուտուզիկներն ու հայ սուրբ օջախը». Ընտանեկան բռնության մասին միֆերն ու իրականությունը

«Մասոնները, միասեռականները, տուտուզիկներն ու հայ սուրբ օջախը». Ընտանեկան բռնության մասին միֆերն ու իրականությունը

PanARMENIAN.Net - 420. ըստ պաշտոնական տվյալների՝ այսքան կին է դարձել ընտանեկան բռնության զոհ 2017-ի 9 ամսվա ընթացքում: Եվ սա միայն հայտնի դեպքերն են, այն դեպքերը, որոնց մասնակիցները չեն վախեցել ու ամաչել բարձրաձայնել իրենց իրավիճակի մասին և բողոքել են: Բայց իրականում ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ դեպքերն ավելի շատ են:

Շատ հայ ընտանիքների համար կնոջը բռնության ենթարկելը սովորական բան է, նորաթուխ հարսին կարող է ճնշել ամուսինը, սկեսուրը, սկեսրայրը, նրանց ծնողները, եթե ողջ են, ամուսնու՝ ինչ-որ հեռավոր գյուղից հյուր եկած «հոպար», անգամ ընտանիքի մոտիկ հարևանը, ինչու՞ ոչ: Իսկ իսկական առաքինի օջախի հարսիկը չպիտի բողոքի, այլ հարց է, որ նա նույնիսկ միշտ չի հասկանում, որ ենթարկվում է բռնության, քանի որ չի բացառվում, որ սեփական տանն էլ է տեսել նման վերաբերմունք կնոջ նկատմամբ: Իսկ ի՞նչ ենք հասկանում բռնության տակ. խոսքը ոչ միայն ծեծի մասին է, կան բռնության շատ այլ ձևեր՝ տնից դուրս գալ չթողնել, թույլ չտալ սովորել, աշխատել, վաստակել գումար, շփվել տարբեր մարդկանց հետ, ստիպել անել որևէ բան, ինչ կինը չէր ուզի՝ տան գործերից մինչև աբորտ, ստիպել կենակցել (չեք պատկերացնի, բայց ամուսինների միջև սեռական հարաբերությունները նույնպես պիտի փոխհամաձայնեցված լինեն), կոպիտ ձևով խառնվել երեխաների դաստիարակության մեջ (այստեղ խոսքը ամուսնու մասին չէ), ենթարկել ծաղրի, նվաստացնել, վիրավորել արժանապատվությունը և մի շարք այլ բաներ, որ հաճախ են հանդիպում հայ ընտանիքներում, բայց դիտվում են ոչ թե որպես բռնություն, այլ որպես նորմա:

Վերհիշելով վերջերս արված մի շարք հետազոտություններն ու հարցումները՝ #ՓոքրիկՍպռավոչկա անեմ. «World Vision Հայաստանի» մասնագետները նախորդ տարվա դեկտեմբերին Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի, ինչպես նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների շրջանում հարցում են անցկացրել, որի համաձայն կանանց 27.3 % և տղամարդկանց 36.6 % կարծում է, որ կինը երբեմն արժանի է բռնության, տղամարդկանց 51,5 %-ը կարծում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունը` հանուն ընտանիքի պահպանման, այդպես է մտածում նաև հարցված կանանց 38,5 %-ը: Pew Research Center հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն՝ հայերի 82%-ը համարում է, որ կինը պետք է միշտ ենթարկվի ամուսնուն: Այս ամենի հետ մեկտեղ, միշտ գտնվում են մարդիկ, որոնք փրփուրը բերաններին` պնդում են, որ «մեր ընտանիքները օրինակելի են», «դրանց նմանը աշխարհում չկա», «մեզ մոտ բռնություն չկա» և այս ամենը «պիղծ գեյրոպաներում են հորինել»:

Վերջին մի քանի օրվա ընթացքում ակտիվորեն քննարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն, քննարկումներին հետևելով, պարզ է դառնում, որ շատերը ա) չեն կարդացել օրենքի նախագիծը, բ) կարդացել են ու չեն հասկացել, գ) ունեն շատ վառ ֆանտազիա և հավատում են դավադրությունների տեսություններին, ինչպես նաև հայուգենը ոչնչացնել փորձող մասոններին, դ) պարբերաբար բռնության են ենթարկում ընտանիքի անդամներին ու համարում են դա նորմալ, ե) պարբերաբար բռնության են ենթարկվում ընտանիքի անդամների կողմից և հաճույք են ստանում այդ պռոցեսից:

Ամենահաճախը հնչում են հետևյալ արտահայտությունները. 1) «Աղբը տնից հանել չի կարելի, իսկ նրանք փորձում են իրենց քիթը խոթել մեր սուրբ ընտանիք», 2) «Մեր երեխաներին ուզում են խլել մեզանից ու որդեգրման հանձնել միասեռականներին» (մի տեղ նաև կարծիք տեսա, որ ուզում են այդ երեխաների օրգանները վաճառել), 3) «Եվրոպացիները / գրանտակերները / մասոնները / հրեաները / ռեպտիլոիդներն ուզում են քայքայել մեր ընտանիքներն ու փչացնել մեր կանանց», 4) «Որ մի հատ խփեմ երեխայիս տուտուզիկին, պիտի գան՝ երեխային ինձանից տանե՞ն» (որտեղի՞ց այդ սերն առ երեխայի տուտուզիկ, անհասկանալի է, և պարզ չէ՝ ինչու է պարտադիր խփել ինֆորմացիան երեխային հասցնելու համար), 5) «Ազգի կեսը սոված է, հիմա եթե չկարողանան երեխաներին շատ լավ պահել, պիտի գան՝ տանե՞ն», 6) «Էն ա՝ կա բռնության մասին օրենք, ի՞նչ տարբերություն սովորական բռնության ու ընտանեկանի միջև»:

Հերթով գնանք. 1) ընտանիքը հասարակության հիմնական կառուցվածքային միավորն է, ուստի նաև հասարակության համար է կարևոր, որ այն լինի առողջ, իսկ դրա ներսում ծագող խնդիրները, եթե դրանք խախտում են օրենքը, պետք է կարգավորվեն օրենքով: Ընտանիքի անդամները իրար սեփականությունը չեն, նույնիսկ երեխան, ուստի նրանցից ոչ ոք իրավունք չունի մյուսների նկատմամբ բռնություն գործադրել, այս տեսակ աղբն ուղղակի պարտադիր է հանել տնից:

2) Միասեռականներին երեխա հանձնելու պահով. որտեղի՞ց այդ վստահությունը, որ աշխարհի միասեռականներին հետաքրքիր են մեր երեխաները, այն դեպքում, որ այսօր էլ ՀՀ մանկատներում կան երեխաներ, բայց, ինչպես երևում է, միասեռականները չեն շտապում գալ և որդեգրել նրանց: Իսկ եթե խոսքը գնում է ծնողական իրավունքից զրկելու մասին, ապա դրա կարգը վաղուց սահմանված է այլ օրենքով և գործում է:

3) Դավադրության տեսության սիրահարներին պետք է մի ձև համոզել, որ փոքրիկ Հայաստանը աշխարհին այդքան էլ չի հետաքրքրում, և բոլորը խորապես թքած ունեն մեր ընտանիքները քայքայելու ու կանանց փչացնելու վրա:

4) Երեխային ընտանիքից խլելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ, և պատկան մարմինները տարբերում են «մի հատ տուտուզիկին խփելը» երեխային անընդհատ բռնության ենթարկելուց, բացի այդ՝ ծնողական իրավունքներից զրկելու մասին մինչ այս էլ կար օրենք, և այս մեկով որևէ փոփոխություն դրա մեջ չի մտցվում, ուստի բոլոր վախերն անհիմն են, դե իսկ դաստիարակելու համար կան ավելի լավ տարբերակներ, քան երեխայի տուտուզն ու մարմնի այլ մասերը:

5) Որևէ օրենք չի կարող պարտադրել մարդուն հարուստ լինել, այս օրենքը ևս նպատակ չի հետապնդում այֆոն չունեցող երեխաներին ծնողներից զրկելու, ինչպես նաև չի պարտադրում ծնողներին ամեն օր գնել «Սնիկերս» երեխաների համար և կատարել նրանց բոլոր քմահաճույքները:

6) Ընտանեկան բռնությունը սովորականից նախ և առաջ տարբերվում է նրանով, որ զոհն ու դահիճն ապրում են նույն հարկի տակ. եթե ձեզ փողոցում ծեծեն, դուք կարող եք գնալ տուն և կյանքում այլևս չտեսնել ձեզ ծեծողին, իսկ եթե ձեզ ծեծում են տանը, դուք ստիպված եք ապրել այդ մարդու հետ: Իսկ, հաշվի առնելով հայկական մենթալիտետի որոշ առանձնահատկություններ, ընտանիքից հեռանալու պրոցեսը դժվարեցնում են ամոթանք տվող հարազատները, ֆինանսական և այլ կախվածությունները բռնություն իրագործողից, սոցիալական ճնշումը, ապաստանի բացակայությունը: Այս օրինագծն առաջին հերթին լուծում է ապաստանի խնդիրը, զոհին բռնացողից մեկուսացնելու, ինչպես նաև երկու կողմին էլ անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրելու և մի շարք այլ կարևոր խնդիրներ:

Իհարկե, գլխավոր խնդիրը մարդկանց գլուխներում է, բռնությունը՝ նորմալ երևույթ, իսկ զոհերին մեղավոր համարող մարդկանց, ինչպես նաև նրանց կուրորեն հետևող թերուս մարդկանց գլուխներում, այն ծնողների, որոնք դաստիարակել են բնակարանի ինտերիերի մասնիկ հանդիսացող աղջիկների ու բռնություն գործելով ինքնահաստատվող տղաների ու սեփական օրինակով ցույց են տվել, որ ընտանիքի միակ նպատակը չբաժանվելն է, իսկ թե ինչ գնով դա կարվի, մեկ է, կոմֆորտի մեջ ապրելն ու սեփական երջանկության մասին հոգ տանելն էլ մեծ մեղք է ու ոչ հայեցի:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Այդ են վկայում Google որոնողական համակարգի տվյալները
Մրցույթին կարող են մասնակցել 2017-ի ձմռանը զորակոչի ենթակա կոնկրետ հմտությունների տիրապետող զորակոչիկները
Միջոցառման նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը և ապահովել Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը