Երևանում անցկացվող միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան հյուրընկալել էր 24 երկիր ներկայացնող 671 մասնակից՝ Արգենտինայից, Հայաստանից, Արցախից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Իրանից, Հորդանանից, Պերուից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից:
Ամենամյա օլիմպիադան իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանք՝ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակի՝ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ:
Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական բաժնում (SAED), որտեղ 41 մասնակից ներկայացրել է 20 երկիր՝ Հայաստանը, Արցախը, Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Վրաստանը, Գերմանիան, Իրանը, Հորդանանը, Պերուն, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուկրաինան, Ուրուգվայը, ԱՄՆ-ը և Վիետնամը:
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 12-րդ օլիմպիադայի հաղթողներն իրենց մրցանակները ստացել են Երևանում՝ 2017թ. հոկտեմբերի 25-ին: Այսպես՝ առաջին մրցանակը՝ ոսկե մեդալը, նվաճել է Ֆլորին Բուրչան (Գերմանիա), երկրորդ մրցանակը՝ արծաթե մեդալը, ստացել է Մախսա Ախշամը (Իրան), և երրորդ մրցանակը՝ բրոնզե մեդալը, ստացել է Կատարինա Կապրալովիչը (Սերբիա):
«Հայաստանը ՏՀՏ ոլորտում իր մտավոր ներուժով դրսևորվելու՝ տարիների փորձ և զգալի արդյունք ունի: Գործընկերոջ հետ ոլորտի առաջընթացին ուղղված մեր ջանքերն այդ ներուժը գնահատելու և հետագա զարգացմանը նպաստելու գործնական քայլերից են: Մեր երկիրն առավել ներկայանալի պետք է դարձնել աշխարհին: Այդ ամենը կարևոր է ոչ միայն առաջատարության հավակնելու, մրցակցային առավելություն ունենալու, այլև՝ տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից: Թեև ճանապարհը պահանջում է համբերություն և զգալի ներդրումներ, արդյունքը դրսևորվելու է երկարաժամկետ կտրվածքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված մրցանակաբաշխությունն ավարտվել է բարեգործական համերգով և ընդունելությամբ:
Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ գործակցությամբ: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիքոմփ», ընկերությունը, ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունները և «Փյունիկ» հիմնադրամը:
Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտի՝ մինչև 30 տարեկան տարիքային խմբի առավել տաղանդավոր ուսանողները: 2017թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»: