30 հոկտեմբերի 2017 - 20:45 AMT
Արմավիրում պատանդված երեխային անվնաս դուրս են հանել. Պատանդառուն հիվանդանոցում է

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձն իրավապահների հետ բանակցությունների արդյունքում պատանդ վերցրած երեխային բաց է թողել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, որտեղ նա պահվում էր, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է վնասել ինքն իրեն, ինչը ոստիկանները կանխել են:

Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ:

Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: