Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ հայ-իրանական գործակցության գրասենյակ է հիմնադրվելու:
Իրանական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ՝ գրասենյակը գործելու է Մեղրի և Արաս քաղաքներում: «Ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրենը նկատել է, որ գրասենյակը կարող է նպաստել կրթական, տուրիստական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը նույնպես»,-գրում է լրատվամիջոցը:
Սյունիքի մարզպետարանի կայքը հայտնում է, որ հանդիպման ընթացքում առաջարկվել է նաև իրանական լոլիկի մածուկը ներկրել Մեղրու ազատ տնտեսական գոտի և այստեղ փաթեթավորելուց հետո արտահանել այլ երկրներ:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իրանցի գործընկերներին հայտնել է, որ մարզպետարանում տուրիզմի բաժին է ստեղծվելու. այն կզբաղվի մարզում տուրիստական ենթակառուցվածքների բարելավմամբ, ինչն ավելի գրավիչ կդարձնի Սյունիքը իրանցի զբոսաշրջիկների համար: