9 նոյեմբերի 2017 - 21:16 AMT
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Բելառուսին

Երևանում կայացած ընկերական հանդիպումում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4-1 հաշվով հաղթել է Բելառուսի ընտրանուն:

Հայաստանի հավաքականի կազմում գնդակներ խփեցին Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը: Նախ 41-րդ րոպեին Բելառուսի դարպասին 11-մետրանոց նշանակվեց. Մխիթարյանը վրիպեց, սակայն Օզբիլիսը կարողացավ գրավել բելառուսների դարպասը:

45-րդ րոպեին Մխիթարյանը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում` 54-րդ րոպեին, Ռումյան Հովսեփյանը խփեց Հայաստանի ընտրանու երրորդ գնդակը:

Րոպեներ անց 11-մետրանոց նշանակվեց արդեն Հայաստանի ընտրանու դարպասին. Անտոն Սորոկան կրճատեց հաշվի տարբերությունը: Սակայն խաղի վերջնամասում` 85-րդ րոպեին, Էրիկ Վարդանյանը հեռահար հարվածով չորրորդ գնդակն ուղարկեց բելառուսների դարպասը: