20 նոյեմբերի 2017 - 16:40 AMT
Եվրոպայի հայերը 1,23 մլն եվրո կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում անցկացվել է հերթական Հեռախոսամարաթոնը, որի արդյունքում Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո են հավաքել:

Հեռախոսամարաթոնին մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Հունաստանի տեղական մարմինները: 4 օր շարունակ հիմնադրամի կամավորները զանգահարել են եվրոպական երկրներում ապրող հայերի ընտանիքներին և կազմակերպութուններին՝ ներկայացնելով հիմնադրամի՝ նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնի «Բերքառատ Արցախ» թեման և նպատակները։

Ավելի քան 9900 եվրոպահայ ընտանիք և կազմակերպություն միացել է հանգանակություններին, և այսպիսով Եվրոպայի հայերի կողմից կատարված ներդրումը Հեռուստամարաթոն 2017-ին կկազմի 1,23 միլիոն եվրո, ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։