«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալղարյանը ԱԺ-ում ընթացող կլոր սեղան-քննարկման ժամանակ ներկայացրել է իրենց առաջարկներից մեկը, որով առաջարկվում է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, ինչպես նաև 4 տարվա բակալավրիատի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնել:
«Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ: Այս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ։ Սա հնարավորություն է տալիս, որ բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջարկվեն, մինչև հիմա բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, սա ցույց է տալիս այս ոլորտի բացը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նկատել է, որ արդյունքում բոլորը կանցնեն զինվորական ծառայության. «Չեն լինի արտոնյալներ, բոլոր արական սեռի ներկայացուցիչները կտիրապետեն ռազմական ունակություններին», - նշել է նա։
Պաշտպանության նախարար Արտակ Զաքարյանը չի համաձայնել տեսակետին՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերից երկուսն էլ վերաբերում են ժամկետային զինծառայության պարտականություն ունեցող քաղաքացիներին։
Վերջինս ընդգծել է, որ «Պատիվ ունեմ» կամ «Ես եմ» ծրագրերը պայմանագրային ծառայություն են ենթադրում, քանի որ պարտադիր սովորական զինծառայությունը 24 ամիս է, իսկ ծրագրով առաջարկները՝ 36։
«Պատիվ ունեմ»-ը կարող է ունենալ տարբեր եղանակներ, բայց տեղին չէ զուգահեռ երրորդ ուղղությունը որպես ծառայության տեսակ մտածել, այն պարագայում, երբ, միևնույնն է, պետք է գա պայմանագրային ճանապարհով անցնի, դա խառնաշփոթ կառաջացնի», - ասել է նա:
Դավիթ Պետրոսյանը նկատել է, որ ի տարբերություն իրենց առաջարկի՝ «Պատիվ ունեմը» ընդհատում է կրթության անընդհատության սկզբունքը։
«Մեր առաջարկով, որը զուգահեռ կարող է լինել «Պատիվ ունեմ»-ին, հնարավորություն է տրվում շատ մարդ ներգարվել ու չկտրել կրթական անընդհատությունից», - հավելել է նա։
Նոյեմբերի 15-ի առավոտյան նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: