ԿԲ․ Նոր դրամների վերջնական տեսքն էապես կտարբերվի էսքիզներից

ԿԲ․ Նոր դրամների վերջնական տեսքն էապես կտարբերվի էսքիզներից

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը ստացել է նոր թղթադրամների 17 էսքիզային առաջարկ ու գնահատել դրանքգեղարվեստական ձևավորման, գաղափարական մոտեցման և տպագրության տեխնիկական չափորոշիչներին համապատասխանելու տեսանկյունից։

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը՝մեկնաբանելով շրջանառության մեջ դրվելիք նոր թղթադրամների էսքիզներն ու դրանց շուրջ ծագած աղմուկը։

«Առաջին հայացքից պատկերները, դետալները ակնհայտ են, սակայն էսքիզները, որոնք մենք հրապարակել ենք, դեռևս պետք է ենթարկվեն խորը մասնագիտական մշակման: Տպագրությունից հետո դրանց վերջնական տեսքը տարբեր է լինելու՝ ֆոնային լուծումներ են տրվելու, պատկերների չափերն ու երանգներն են փոխվելու, պաշտպանիչ հատկանիշներ են ավելանալու», - ասաց Դավիթ Նահապետյանը:

Նահապետյանը 500 դրամ անվանական արժեքով կոլեկցիոն թղթադրամի էսքիզի օրինակով ցույց տվեց թղթադրամի տարբերությունը՝ տպագրությունից առաջ և հետո:

500-դրամանոցի էսքիզը՝ տպագրությունից առաջ

Տպագրված 500 դրամանոցի նմուշը

Երրորդ սերնդի թղթադրամների էսքիզներն ընտրել է ԿԲ դրամագիտական արժեքների և դրամանիշների էսքիզների գնահատման գեղարվեստական կոմիտեն: Ընտրվել է լավագույն 3 առաջարկը, որոնք ԿԲ-ի մասնագետները մշակել են՝ վերջում ստանալով մեկ ընդհանուր շարք:

Անդրադառնալով մրցույթից դուրս մնացած նախագծերին, որոնք այս օրերին շրջանառավում են սոցիալական ցանցերում՝ Նահապետյանը հայտնեց, որ առաջին հայացքից դրանք գեղարվեստականորեն կարող են ընդունելի լինել, սակայն միայն մասնագետը կարող է հասկանալ՝ տեխնիկապես հնարավո՞ր է տպագրել այդ էսքիզները, թե՝ ոչ:

Նահապետյանի խոսքով՝ նոր թղթադրամների գաղափարական մոտեցման շուրջ ԿԲ-ն խորհրդակցել է Գրողների միության, Հայ Առաքելական եկեղեցու հետ:

«ԿԲ-ն նպատակ չի ունեցել համեմատության մեջ դնել մեր մեծերին: Չեն փոփոխվում միայն այն երկրների թղթադրամները, որոնց վրա պատկերված են այդ երկրի թագավորները, արքաները, պետական գործիչները, ինչպես օրինակ՝ դոլարի վրա ԱՄՆ-ի նախագահների պատկերներն են, թուրքական լիրայի վրա Աթաթուրքի պատկերն է: Եթե խոսքն արվեստի, մշակույթի, գիտության երևելիների մասին է, ապա այդ թղթադրամները փոխվում են միջինում 10-12 տարին մեկ», - ասաց նա:

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---