Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ իր ելույթում:
«Այսօր, նշելով Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է, որը հարգվում և պահպանվում է բոլորի կողմից: 2015-ին Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեր ջանքերով դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:
2015-ից ի վեր դեկտեմբերի 9-ը մարդկության դեմ հանցագործությունների կրկնության դեմ համատեղ պայքարի կարևոր հարթակ է դարձել: Այն նաև կարևոր առաքելություն է կրում` կրթելով և բարձրացնելով մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածությունը»,-ասել է նախարարը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նալբանդյանը հիշեցրել է, որ 2018-ի դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ, ինչը հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ վերահաստատելու Ցեղասպանության կոնվենցիայի կարևորությունը:
«Սակայն, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարևոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրպնդմանն ուղղված միջազգային ջանքերը: Հուսով ենք, որ Կոնվենցիայի 70-ամյակը նոր լիցք կհաղորդի այս ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերին»,-ասել է նա:
2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին: Բանաձևի համաձայն, նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում: