Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ընթացիկ տարում ավելացնել «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակում ՀՀ ներմուծվող բնական գազի ծավալները:
Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աշխատանքային այցով Իրանում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ ամփոփել է «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը:
Ավելի վաղ Իրանական գազի արտահանման ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին ասել էր, որ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման համար երրորդ ցանցն է կառուցվում: Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Համիդրեզա Արաքինն էլ հայտնել էր, որ նոր էլեկտրական ցանցը շահագործման կհանձնվի 2019 թվականին:
Իրանը, 2017 թվականի մարտի 21-ից ի վեր, 250 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանել Հայաստան: Նույն ժամանակահատվածում յուրքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանից 3,2 կՎտ էլեկտրաէներգիա է ստացել: 2016-ին Իրանը Հայաստանին 365 մլն խմ գազ է մատակարարել:
Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով: