20 դեկտեմբերի 2017 - 13:25 AMT
Facebook-ը կտեղեկացնի օգտատիրոջ լուսանկարի հրապարակման մասին, անգամ եթե նրան չեն նշել

Facebook սոցցանցն այսուհետ կտեղեկացնի օգտատիրոջ լուսանկարի հրապարակման մասին, անգամ եթե նրան չեն նշել: Այդ նպատակով ծառայությունը կօգտագործի դեմքերի տարբերակման համակարգը:

Օգտատերը, որին Facebook-ը կգտնի լուսանկարում, կկարողանա նշել իրեն, հրաժարվել առաջարկից կամ տեղեկացնել, որ դա ինքը չէ: Եթե լուսանկարը պաշտպանված է կարգաբերումներով (օրինակ, հրապարակումն արվել է կողմնակի անձի կողմից «Ընկերների համար»), նա իրազեկում չի ստանա, գրում է Meduza-ն:

Facebook-ը դեմքերի տարբերակման համակարգը կօգտագործի նաև օգտատերերին զգուշացնելու համար այն մասին, որ իր լուսանկարը ինչ-որ մեկն ավատարի վրա է դրել: Այդպիսով սոցցանցը մտադիր է պայքարել ինքնակոչ անձանց դեմ:

Բացի այդ, դեմքերի տարբերակումը կգործի նաև համակարգում, որը նկարագրություն է գրում լուսանկարների համար Facebook-ի լրահոսում՝ դա արվում է նրա համար, որպեսզի հեռախոսը կարողանա կույր և վատ տեսնող մարդկանց համար հնչեցնել նրանց ընկերների կողմից հրապարակված լուսանկարների բովանդակությունը:

Ցանկության դեպքում օգտատերը կարող է կարգաբերումներում անջատել լուսանկարներում իր դեմքի տարբերակման գործառույթը:

Նոր գործառույթը դեռ չի գործում Կանադայում և ԵՄ-ում, որտեղ դեմքերի տարբերակումը դեռ չի աշխատում: