Փարիզում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախարարն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը։
Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը առանձնահատուկ տեղ էր հատկացված Երևանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Դեկտեմբերի 20-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ: Զրուցակիցները քննարկել են 2018-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: