Ծառուկյանն ավելի քան $60 մլն-ով Ծաղկաձորում օլիմպիական համալիր կկառուցի

Ծառուկյանն ավելի քան $60 մլն-ով Ծաղկաձորում օլիմպիական համալիր կկառուցի

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերժամանակակից մարզահամալիր: Այն նախատեսված կլինի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձևերի համար:

Մարզահամալիրը զբաղեցնելու է 3 հա տարածություն, իսկ կառուցման համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր անձական միջոցներից կտրամադրի 25-30 միլիարդ դրամ՝ ավելի քան $60 մլն:

Նոր մարզահամալիրը կունենա միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50x25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար: Մարզաձևերի յուրաքանչյուր կառույց ունենալու է իր շոգեբաղնիքներն ու ֆիթնես սրահները, որոնք հագեցած կլինեն ժամանակակից անհրաժեշտ վարժասարքերով:

Կառուցվող օլիմպիական ավանում առանձին սենյակներ և լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար: Կգործի նաև մամուլի կենտրոն, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Առանձին սրահներ են նախատեսված մարզիչների համար, որտեղ մարզչական շտաբերն ուսումնամարզական հավաքների ընթացքում քննարկումներ կանցկացնեն, կդիտեն մրցակիցների ելույթների տեսագրությունները և ավելի արդյունավետ կկազմակերպեն նախապատրաստությունը:

Գերժամանակակից մարզահամալիրը հնարավորություն է ընձեռելու անցկացնել համատեղ հավաքներ այլ երկրների թիմերի հետ. կազմակերպել միջազգային մրցաշարեր: Օլիմպիական ավանը միաժամանակ կհյուրընկալի հարյուրավոր մարզիկների:

Բոլոր պայմանները կլինեն նաև մարզիկների լիարժեք հանգստի և ժամանցի համար՝ ընդարձակ այգիներ, կինոթատրոն, հանգստի սրահներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---