Ավելորդ չէր լինի հնարավորություն տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մասնակցել Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումներին։
Այս մասին է հայտարարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ Երևանը 1918-ին հայերին նվիրելու մասին հայտարարությունը։ «Առաջին անգամը չէ, որ Բաքվից այդպիսի հայտարարություններ են անում: Դա մոտավորապես այն շարքից է, որ ասում են Արցախն էլ պատմական Ադրբեջանի տարածք է», - նշել է Նալբանդյանը, հայտնում է Aysor.am-ը։
Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ միգուցե Ալիևը տեղում պատմությանը ծանոթանալու հնարավորություն կստանար։
Ադրբեջանցի պատմաբանները, պետական այրերն ու քարոզիչները պարբերաբար հայտարարում են Անդրկովկասյան ֆեդերացիայի փլուզման ու Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախացման փուլում Երևանը հայերին որպես մայրաքաղաք «նվիրելու» կամ անգամ 100 տարով այն «ժամանակավորապես հանձնելու» մասին։