Եթե հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված ՀՀ վարչապետՎազգեն Սարգսյանը հրաշքով լիներ մեր կողքին, ու հայտարարեր, որ իր և Արմեն Սարգսյանի միջև միջադեպ չի եղել, կլինեին սրամիտներ ու կասեին, որ դա քաղաքական կոնսպիրացիա է: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը՝ Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած իր հակասությունների, վիճաբանության մասին մամուլի հրապարակումներին:
«Ես քսան տարի չեմ խոսել այդ մասին, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին»,- նշել է Արմեն Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը:
«1997-ին ծանր հիվանդությամբ հիվանդացա: Սկզբում չէի գիտակցում դրա ծանրությունը: Ես երախտապարտ եմ մի քանի մտերիմների, որոնք ինձ հորդորեցին զբաղվել իմ առողջությամբ: Բժշկի զննությունից հետո պարզվեց լուրջ հիվանդություն ունեմ ու պետք է վիրահատվեմ»,-ասել է նա:
Արմեն Սարգսյանը հավելել է, որ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է ասել այդ մասին, և նա ու շատ գործընկերներ՝ Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը, պնդել են, որ շտապ մեկնի վիրահատվելու:
«Ես երախտապարտ եմ նրանց, որ պնդեցին, որ մեկնեմ Հայաստանից և վիրահատվեմ արտերկրում: Վիրահատվեցի ու մեկ ու կես տարի շատ ծանր բուժման ճանապարհ եմ անցել: Վստահ եմ, որ եթե նրանք ինձ չհամոզեին մեկնել Հայաստանից, ապա դուք այժմ ուրիշի հետ հարցազրույց կանեիք»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Մանրամասներ ներկայացնելով իր և Վազգեն Սարգսյանի հարաբերություններից՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ նրա հետ ունեցել է շատ զվարճալի պատմություններ, բազմաթիվ անգամներ թենիս են խաղացել։«Ես շատ մարդկանց հետ եմ խոսում, ես շատ հանգիստ եմ խոսում մարդկանց հետ, փորձում եմ համոզել նրանց, լսել, խոսել: Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Հանրապետական կուսակցության թեկնածուն մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Նա պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:
4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։