// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հարությունյան. ՀՀ-ում արդեն ՀԷՑ-ին միացված 252 արևային կայան կա

Հարությունյան. ՀՀ-ում արդեն ՀԷՑ-ին  միացված  252  արևային կայան կա

PanARMENIAN.Net - 2017 թվականին լուրջ հաջողություններ են գրանցել վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացված բարեփոխումներին:

Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ առկա է «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությանը միացված 252 արևային կայան` 2.5 մեգավատ հզորության, ևս 30-ը շուտով կմիանան ցանցին: Բացի այդ, նախորդ տարի գործարկվել է 3 արևային համակարգային կայան, որոնք միացել են ցանցին և վաճառում են իրենց կողմից արտադրված էներգիան «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին։ Այս տարի, ըստ նրա, նախատեսվում է գործարկվել նմանատիպ ևս 8 կայան, հայտնում է Panorama.am-ը:

Հայկ Հարությունյանը նշել է, որ 1-2 ամիս հետ կներկայացնեն նաև «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի արդյունքները: Մրցույթի պայմաններից մեկն այն է, որ պետք է առաջարկեն ցածր և մրցունակ սակագին արևային ֆոտովոլտային կայանների համար:

«Մրցույթին մասնակցել է 60-ից ավելի կազմակերպություն, նախաորակավորման փուլն անցել է 10 ընկերություն: Բոլորն էլ միջազգային ընկերություններ են, մասնավորապես, Կորեայից, Հնդկաստանից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից»,- ասել էփոխնախարարը՝ հավելելով, որ մրցույթի մասնակիցների թվում հայկական ընկերություններ չկան, քանի որ նախաորակավորման պայմանները շատ խիստ են եղել` կապված նմանատիպ ծրագրերի փորձի, ընկերության ֆինանսական վիճակի հետ և այլն:

Հայկ Հարությունյանը հայտնել է, որ Հայաստանում ավելանում է նաև արևային ջրատաքացուցիչներից օգտվողների թիվը: Նրա խոսքով՝ նախորդ տարի լայնածավալ աշխատանք են իրականացրել չգազիֆիկացված համայնքներում: Մասնավորապես, Լեռնամերձ համայնքն ամբողջությամբ հելիոֆիկացվել է, տեղադրվել են արևային վահանակներ բոլոր տների տանիքներին:

«Այդ ծրագրի դրական արդյունքներից ելնելով` մշակեցինք նոր ծրագիր չգազիֆիկացված համայնքների համար: Տարվա ընթացքում 310 հավելյալ տեղադրումներ կատարվեցին հատուկ ծրագրի շրջանակներում, 300-ից ավելի էլ տեղադրումներ եղան տարբեր վարկային ծրագրերով: Մեր գնահատականներով՝ ներկայումս հանրապետությունում 2 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ օգտվում է արևային ջրատաքացուցիչներից և 252-ը` արևային ֆոտովոլտային կայաններից: Երբ նայում ենք դինամիկան, տեսնում ենք, որ 2014 թվականից ի վեր արևային ջրատաքացուցիչների թիվն ամեն տարի կրկնապատկվում է»,- ընդգծել է Հայկ Հարությունյանը:

«Մասրիկ-1»-ը կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ տարածաշրջանային ամենախոշոր արևային կայանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա արդեն մեկնարկել է համեմատաբար փոքր՝ մինչև 1 ՄՎտ հզորությամբ 12 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, որոնք կունենան գումարային շուրջ 10 մեգավատ հզորություն: Դրանցից 3-ն արդեն գործարկվել է և սկսել էլեկտրաէներգիա մատակարարել համակարգին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արևային կայանի և կուտակիչի կառուցման առաջնեկային ծրագիր է պատրաստվում, որի իրականացմանն ակնկալվում է ֆրանսիական կողմի մասնակցությունը։ Այդ մասին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ժոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը՝ խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության մասին:

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը