ԱՄՆ Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդը ողջունում է «Սարոյան հաուս» նախագիծը և աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Փետրվարի 23-ին «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից իրականացվող «Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը հանդիպում են ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետի հետ և նրան ներկայացրել նախագիծը։Այդ մասին ասվում է «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հաղորդագրության մեջ:
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը2015-ի դեկտեմբերին գնել է Ֆրեզնոյում Սարոյանի տունը և հայտարարել հեղինակի մանկության տունը վերականգնելու և այնտեղ «Սարոյանի տունը» նախագծի իրագործման մասին: Տան արտաքին հատվածի վերանորոգումն արդեն իսկ ավարտվել է:
Քաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակագը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։ Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։
Շեշտվել է նաև այն փաստը, որ Սարոյանն ունեցել է համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության: Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։
Թանգարանի բացումը պլանավորվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110- ամյակին։
Վիլյամ Սարոյանը ծնվել է Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։ Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք»շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով: 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»: Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։