27 փետրվարի 2018 - 16:16 AMT
ԱԺ-ն կողմ է քվեարկել «Մարտի 1»-ի վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգում ընգրկելուն

Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ ԵԼՔ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծն օրակարգ ընգրկելու հարցին։

Նախագիծն ավելի վաղ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ «ոստիկանությունը 10 տարի առաջ ապօրինի ուժ կիրառեց նախագահական ընտրությունների կեղծման դեմ բողոքի ելած քաղաքացիցների դեմ, ինչի հետևանքով Երևանի կենտրոնում 10 քաղաքացի սպանվեց», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք սրանով ուզում ենք, որ Ազգային ժողովը քաղաքական կամք արտահայտի և արձանագրի, որ «Մարտի 1»-ի էջն ամենևին փակված չէ և չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ սպանությունները չեն բացահայտվել», - ասել է Փաշինյանը։

Հայտարարության նախագծով ԵԼՔ-ն առաջարակում է Ազգային ժողովին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»։

Հայտարարության նախագծում նաև իրավապահներին ուղղված պահանջ կա՝ սեղմ ժամկետներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանն ասել է՝ Հնրապետականը կողմ կքվեարկի նախագիծը լիագումար նիստում քննարկելու համար: «Հայաստանի հանրապետական խմբակցությունն առաջարկում է որպեսզի մենք քննարկման առարկա դարձնել այս հարցը, որպեսզի բացեր չմնան, ևս մեկ անգամ քննարկենք», - հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավարը։

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի ցույցերը: Մի շարք բողոքի ակցիաները և հանրահավաքները մեկնարկեցին 2008 թ. փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 մարդ։

Human Rights Watch-ը դատապարտել է հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար[1], ովքեր գտնվում էին վրանային ճամբարում, Ազատության հրապարակում։