2019-ի մայիսին Երևանի մնջախաղի պետական թատրոնը կբացվի Գևորգ Քոչար 21 հասեցում: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փետրվարի 27-ին լրագրողներին են ներկայացրել Մնջախաղի թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը։
«2018-ի մայիսից սկսվում են շինարարական աշխատանքները, դրանք կավարտվեն մեկ տարուց: 2019-ի մայիսին կազդարարենք թատրոնի բացումը՝ նոր շենքով, նոր տարածքով, նոր դահլիճով, և բոլորիդ կհրավիրենք միանգամից որպես հանդիսատես»,- նշել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը:
Արմեն Ամիրյանը հայտնել է, որ թատրոնի նոր տարածքի նախագծային արժեքը մոտ 260 մլն դրամ է, պետք է մրցույթ հայտարարվի, ծավալները շտկվեն: 2018-ին 60 միլիոն կվճարեն հաղթած շինարարական կազմակերպությանը, իսկ հիմնական գումարային վճարումը կլինի 2019-ի սկզբում՝ պայմանով, որ մինչև մայիս պիտի ավարտեն շինարարական բոլոր աշխատանքները: Նախարարը նաև տեղեկացրել է՝ հաջորդ տարվա բյուջեով նաև լուծելու են թատրոնի գույքի և լուսային տեխնիկայի խնդիրները: Նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկայում շինարարական կազմակերպությունների համար մրցույթ կհայտարարվի:
«Շենքի առաջին երկու հարկը մասնավոր սեփականատեր ունի, կարծես լքված վիճակ է այս պահի դրությամբ: Մենք հուսով ենք, որ երբ թատրոնը սկսի գործել, մասնավորը ևս ուշադրություն կդարձնի իր տարածքին: Հուսանք՝ այս տարածքները ևս մշակութային նպատակի կծառայեցվեն, կամ գոնե հարմար մի նախաձեռնություն կլինի, որը համահունչ կլինի թատրոնի հետ»,- ասել է նախարարը:
Ժիրայր Դադասյանը նշել է, որ 2019-ի մայիսի 18-ին լրանում է թատրոնի 45-ամյակը, ու պիտի հասցնեն այդ օրը բացումն անել, այն էլ՝ հանդիսավոր: «Իսկապես, ամեն առիթ, որ վերաբերում է մեր տարածքին, մեծ բավականություն է ինձ պատճառում, այսօր նախագիծն ենք ներկայացնում, մի քանի օրից լրանում է իմ պաշտոնավարման 20 տարին թատրոնում, հաշվետվության նման մի բան է, որ 20 տարվա ընթացքում եկանք, հասանք այս կետին»,- ասել է Դադասյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ թատրոնի դահլիճը լինելու է մոտ 120-130 տեղանոց, առավել հստակ թիվը պարզ կլինի հարդարումից հետո: Դադասյանն ասել է որ թատրոնի շենքի բացումը ազդարարվելու է նոր ներկայացմամբ, որն արդեն մտածված է: «Լինելու է «Պիեռոյի երազը», դասական մնջախաղային թեմա է, որը շատ ժամանակակից խնդիրների պիտի անդրադառնա, որը վերաբերում է մեզ: Մեր մասին է լինելու՝ լիրիկական-կոմիկական էլեմենտներով»,- նշել է նա:
Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանն ասել է, որ իր անմիջական մասնակցություն է ունեցել թատրոնի նոր նախագծի գծագրման աշխատանքներին: «Թատրոնն ունի իր առանձնահատկությունները՝ ինչ սենյակներ պիտի լինեն, մուտքերը որտեղից պիտի լինեն, որը պիտի բաց լինի, որը՝ փակ: Մենք համաձայնության ենք եկել՝ հաշվի առնելով, որ՝ սա հին շենք է, մենք այս շենքի երրորդ հարկում ենք լինելու, հարևանների հետ կապված բազմաթիվ խոչընդոտներ՝ լուծվել են»,- նշել է նա:
Դիտարկմանը, թե նախագծով կարծես դասական ճարտարապետությունը ժամանակակիցի հետ է համադրվում՝ դասական շենք, կողքին՝ LED էկրան, Քյուրքչյանն արձագանքել է, թե դա մտածված է արվել. Երևանը պետք է նաև նոր տեխնոլոգիաների ուղղությամբ զարգանա: Թատրոնի շենքի մուտքի մոտ լինելու է ժամանակակից վերելակ՝ սակավաշարժ խմբերի համար:
Մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ մնջախաղի թատրոնից բացի, շուտով պատրաստ կլինի նաև կամերային թատրոնի շենքը և ազդարարվելու է նաև Համազգային թատրոնի շենքի մասին: «Մոտ ժամանակներս այդ մասին կխոսենք ավելի բարձրաձայն, ունենք նախագծային պատկերացումները, այս պահին նախագծման փուլն է: Համազգայինը լինելու է թատրոնի հարևանությամբ՝ ֆինանսավարկային քոլեջի տեղում, շենքի որոշակի վերակառուցումների արդյունքում ստանալու ենք առանձին թատրոնի շենք»,- նշել է նա:
Թատրոնը ստեղծվել է 1974-ին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ժիրայր Դադասյանը, որը ղեկավարում է թատրոնը 1998 թվականն ի վեր։ Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ 2012-ի ամռանը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ թատրոնին շենքի կառուցման համար տարածք էր հատկացվել Հյուսիսային պողոտայում։ 2017-ի փետրվարի 15-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու նպատակով հատկացվել է ազգային գրապալատի շենքը։