28 փետրվարի 2018 - 18:22 AMT
Հայ-թուրքական սահմանը հսկվում է ջերմային տեսախցիկներով

Հայաստան-Թուրքիա սահմանը հսկվում է ջերմային տեսախցիկներով: Այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը՝ ներկայացնելով Կարսի սահմանին տեղակայված սահմանային պարեկակետերից մեկի սահմանապահների առօրյան:

Աղբյուրը հայտնում է, որ սահմանին տեղադրված ջերմային տեսախցիկները թույլ են տալիս անմիջապես արձանագրել սահմանահատումները և համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Պարեկակետից դիատրկվում է Հայաստանի հետ մոտ 10 կմ սահմանային տարածք, որտեղ հերթափոխով շուրջօրյա խիստ հսկողություն է իրականացվում դիտակետերից՝ «նույնիսկ 15 աստիճան ցրտի» պայմաններում:

Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր, որ Հայաստանի և Վրաստանի հետ սահմանը վերահսկվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով: